Ոչինչ չի բացառվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ հնարավոր համագործակցությանը:

«Մենք փորձում ենք ստեղծել համախոհների, գաղափարակիցների թիմ, որոնք կարող են լինել եւ մեկ կուսակցության մեջ, եւ տարբեր կուսակցությունների համախմբում: Այսօր քաղաքական դաշտը ակնհայտ է, որ ուսումնասիրման ժամանակահատված է ապրում: Մենք էլ ուզում ենք համախոհների թիմ ստեղծել, դաշինք լինի եւ հնարավոր լինի հասնել հաջողության»,-ասաց նա:

Հարցին, թե եղե՞լ են հանդիպումներ Ծառուկյանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Հանդիպումներ եղել են, որոշակի զրուցել ենք առաջիկա նպատակների մասին: Այսօր յուրաքանչյուրը համախոհների իր թիմն է հավաքում, որպեսզի հետո տեսնենք, թե ինչ կարող է լինել: Ոչ մի բան չի բացառվում, աշխատանքներն ընթանում են»:

Դիտարկմանը, թե չի՞ վախենում, որ կարող են կրկնվել 2015-ի փետրվարյան դեպքերը, որոնց արդյունքում Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, ՊՆ նախկին ղեկավարն արձագանքեց. «Ես չգիտեմ ով ինչ է մտածում, բայց ես իմ առջեւ խնդիր եմ դրել եւ իմ համախոհների թիմով, որոնք հիմնականում արդեն ձեւավորվել են, եթե այդ թիմը ընդլայնվի, միասին գնալու ենք եւ նպատակ չունենք կանգնելու, գնալու ենք ունենալու մեր դերակատարությունը մեր երկրի զարգացումն ապահովելու համար»: