Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի եւ վատ տեսանելիության պատճառով հունվարի 30-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հակո, Կանչ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի եւ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի եւ Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

«Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն եւ ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Մայրաքաղաքում երթեւեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն եւ երթեւեկել ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: