Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը. ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ, այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ պաստառը փորձել էին տեղափոխել սառնարանային բեռնատարով: Զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել:
2016-2017 թվականների ընթացքում հայտնաբերվել է ԵՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են:




























