Ռուսաստանցիները առաջվա պես ամենաշատը վախենում են միջազգային հակամարտությունների վերսկսումից ու գների աճից։ Սակայն 2016-ի վերջին հասարակության մեջ լարվածության ընդհանուր մթնոլորտը մի քիչ նվազել է։ Նման եզրակացությունների են հանգել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի սոցիոլոգները, որոնք թարմացրել են ռուսաստանցիների «վախի գործակիցը», գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Եթե անցած տարվա սկզբին անկայուն միջազգային մթնոլորտի հետ կապված վախերի գործակիցը կազմում էր 23 կետ, ապա տարեվերջին այն հասել է 14 կետի։
Իսկ գների աճի վերաբերյալ վախերի ցուցանիշը դեկտեմբերին իջել է նվազագույն նիշի ու կազմել ընդամենը 10 կետ։ Մինչդեռ տարեսկզբին այն 19 կետ էր։
Ընդ որում հանցագործությունների, ներքին հակամարտությունների ու անկարգությունների վախերի գործակիցները զգալիորեն նվազել են, որոշ դեպքերում հասնելով բացասական նիշերի։
Ըստ Կենտրոնի ղեկավար Միխայիլ Մամոնովի՝ դեկտեմբերը անցած տարվա ամենահանգիստ ամիսներից էր։ Ինչը նա բացատրում է նախ արժույթի շուկայի կայունությամբ, հետո ՝ երկրի ղեկավարության խաղաղասեր հայտարարություններով, որոնք արվել են 2016-ի վերջին։




























