Նոր Սահմանադրությունը ծնելու է նոր ճգնաժամեր, որովհետեւ այն ընդունվել է, որպեսզի ամարպնդվի գործող նախագահի իշխանությունը, ինչը հակասում է երկրի զարգացման բոլոր միտումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքով, Հայաստանում չկան կուսակցություններ, կան խմբավորումներ, որոնք սպասարկում են ինչ-ինչ շահեր. «Եթե մենք չունենք նորմալ կուսակցություններ, նոր Սահմանադրությունը նշանակում է պատերազմ բոլորի դեմ»:
Սուրեն Զոլյանի համոզմամբ, նոր ընտրական օրենսգիրքը ստիպում է թաղային ամեն հեղինակության դուրս գալ պայքարի, որպեսզի ձայներ բերի իր կուսակցության վերնախավի համար. «Մենք կտեսնենք այն, ինչ տեսել ենք տեղական ընտրությունների ժամանակ: Օրինակ` Արաբկիրի խարոշիները կաշխատեն իրենց մարդու համար եւ բնական է, նրանց շահերը կբախվեն Աջափնյակի եւ Դավիթաշենի խարոշիների հետ»:
«Ում է ձեռնտու այս կռիվը՝ բոլորը բոլորի դեմ, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ, կռիվ ՀՀԿ-ի ներսում, Արաբկիրի եւ Դավիշաթենի խարոշիների միջեւ: Սա այն միջոցն է, որով Սերժ Սարգսյանը կարողանում է պահպանել իր իշխանությունը: Նոր օրենքով կարեւոր չէ, թե ով ինչպես է քվեարկել, կարեւոր է, թե նոր ԱԺ-ում ով ինչ դիրքորոշում կունենա։ Այս առումով, երբ սկսվում է պատերազմը բոլորը բոլորի դեմ, գլխավոր անձ է դառնում ոստիկանը: Այսինքն՝ ում ձեռքին են ուժային կառույցները, նա էլ թելադրելու է խաղի կանոնները: Սա ոչ մի լավ բան չի տա երկրին»,-ընդգծեց Սուրեն Զոլյանը:
Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, կարող է տեղի ունենալ ցանկացած ֆորս-մաժոր. «Իհարկե լինելու են ֆորս-մաժորային իրավիճակներ, որովհետեւ ոստիկանությունն էլ ի վերջո, կարող է հիշել իր կարգախոսը՝ ծառայում ենք օրենքին եւ ժողովրդին: Ինչ-որ պահի կասեն՝ գիտե՞ք, մենք հրաման կատարող չենք, ծառայում ենք ժողովրդին: Իսկ այս պահին ուժայինները հլու հնազանդ նախագահին են ենթարկվում, եւ նա կարող է վերահսկողություն սահմանել պատգամավորների վրա»:
Սուրեն Զոլյանը չբացառեց, որ հետընտրական թեժ պրոցեսներ կլինեն, որովհետեւ շատ ուժեր կսկսեն օգտագործել ժողովրդի դժգոհությունը:




























