«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր ցուցակը կներկայացնի փետրվարի 11-ին տեղի ունենալիք համագումարին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

Նա նշեց, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով. «Մենք միայնակ ենք գնալու ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտի կայացման համար կուսակցությունները պետք է առանձին մասնակցեն։ Պատմությունը ցույց է տվել, դաշինքները վաղ թե ուշ փլուզվում են»,- ասաց Շահգելդյանը։

Նա մտավախություն չունի, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը կարող է նվազեցնել ՀՎԿ-ի ձայները. «Մեր ձայների վրա բացարձակապես չի ազդի, որովհետեւ մենք աշխատում ենք, մենք ունենք մեր ձայները, կուսակցությունը համալրվում է նոր անդամներով, որոնք իրենց հետ բերում են նոր ձայներ»:

Ըստ Շահգելդյանի՝ պետք չէ հոռետեսորեն տրամադրվել ընտրություններին՝ մտածելով, որ ոչինչ չի փոխվելու. «Այն, որ այս անգամ իրավիճակն այլ է, ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները»։