Ցավում եմ, որ Հովիկ Աբրահամյանը եւ Մհեր Սեդրակյանը հեռացան Հանրապետական կուսակցությունից, սակայն դա նրանց որոշումն էր: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, հավելելով, որ մի քանի հոգու հեռանալը կուսակցությունից դեռ արտահոսք չէ. «Կուսակցությունից արտահոսք չկա, ինչպես տեղյակ եք` այս տարի մեր շարքերը համալրել են 11000 հոգի, եւ մի քանի հոգու հեռանալը անհամեմատելի է այդ թվի հետ»:
Անդրադառնալով` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Մհեր Սեդրակյանի ՀՀԿ-ից հեռանալուն, Դավթյանն ասաց. «Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ Հանրապետականը, գործող օրգանիզմ է: Կարող են լինել եւ արտահոսքեր, եւ համալրումներ: Ես ցավով եմ վերաբերվում եւ Հովիկ Աբրահամյանի, եւ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հեռանալուն կուսակցությունից: Դա նրանց ընտրությունն էր»,-ասաց նա:
Նշենք, որ օրեր առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ից հեռանալու մասին, սակայն չի նշել հեռանալու պատճառը: Ըստ տարածած տեղեկությունների` նախկին վարչապետը մտադիր է միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծած դաշինքին:
Տեղեկություններ կան նաեւ, որ Մհեր Սեդրակյանը եւս մտադիր է լքել ՀՀԿ-ն, օրեր առաջ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատել են Մհեր Սեդրակյանի փեսային:




























