Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռերին» ու մյուս քաղբանտարկյալներին պետք է տեղ տրվի դաշինքներից որեւէ մեկում, իսկ օրենքը դա թույլ է տալիս: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Նա հիշեցրեց նախորդ տարվա հուլիսին ապստամբություն բարձրացրածների երկու առանցքային կարգախոսները՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը եւ քաղբանտարկյալների ազատ արձակում. «Այդ առանցքային պահանջներին կարելի է ավելացնել սահմանադրության չեղարկումը, քանի որ բոլորս գիտենք, թե ինչպես է դա ընդունվել: Թե Հովիկ Աբրահամյանը, որ եղել է «Այո»-ի շտաբի պետը, թե Սեյրան Օհանյանը, որն ապահովել է բանակի «այո»-ն, շատ բաներ ունեն պատմելու: Նրանց պատմածներից հետո պարզ կլինի, թե ինչպես է ընդունվել Սահմանադրությունը:
Այս երկու կարգախոսի շուրջը ես տեսնում եմ լայն համախմբում, անգամ եթե ՀՀԿ-ի կարկառուն գործիչներն էլ միանան, շատ լավ է, թող միանան»:
Սուրեն Զոլյանն անդրադարձավ նաեւ դերասան Սերգեյ Դանիելյանի «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությանը՝ նշելով. «Ցավում եմ, որ Սերգեյ Դանիելյանը («Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության նախաձեռնող-խմբ) չշարունակեց իր նախաձեռնությունը, այլապես դա մի կուսակցություն է, որը կարող էր մասնակցել ընտրություններին եւ կազմված էր որոշակի գաղափարական հենքի վրա: Դա ավելի նման էր կուսակցության, քան այն ուժերը, որոնք երեւան են եկել որպես կուսակցություններ»:



























