Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի հարազատները պահանջում են ազատ արձակել նրան: Այսօր` հունվարի 30-ին, նրա ընտանիքի անդամները ՀՀ գլխավոր դատախազությունում դիմում ներկայացրին դատախազին` պահանջելով չեղարկել Երեւանի Արաբկիր եւ Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ ազատ արձակել Ներսեսին:

«Դատարանը նրա կալանքը կրկին երկարացրեց ուրբաթ, մենք հենց ուրբաթ օրը դիմումը բերել էին դատախազություն, բայց այսօր ասում են` դիմում չեն ստացել, արկղը բացեցինք, մինչեւ հիմա մեր դիմումը մեջն էր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի քույրը` Վարսիկը:

Նա նշեց, որ եղբայրը առողջական խնդիրներ ունի եւ ուրբաթ օրվանից հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել, որն անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ:

«Նա այդ հիվանդություններն ունենալով հիմա ջրադուլ է անում, հացադուլ, որը նրան հակացուցված է: Մենք պահանջում ենք, որպեսզի նրան ազատ արձակեն եւ նա դադարեցնի հացադուլը: Ներսեսը ցանկացած տիպի բժշկական օգնությւոնից հրաժարվել է: Բացի այդ մենք 500 հոգուց ստորագրություն էինք հավաքել որպես երաշխիք եւ ներկայացրել դատարան, այդ ստորագրողների մեջ կան մտավորականներ, պատգամավորներ, բայց ոչ մի բան հաշվի չառան…»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: