10 քաղաքական ուժ կարող է մտնել ԱԺ, որոնցից 5-ը անպայման կլինեն խորհրդարանում, որովհետեւ ունեն բավականին սոցիալական հենք, կառույցներ, խարիզմատիկ դեմքեր եւ կարեւորը՝ ֆինանսներ. Դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Հայկական վերածնունդը»: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«ՀԱԿ-ն ունի հնից պահած երկրպագուներին: ՀԱԿ-ի համար 7 տոկոսը շեմային էր, դրա համար դարձավ կուսակցությունը, որ կարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը»,-ասաց նա:
Նրա խոսքով, քանի որ ՕԵԿ-ը կորցրել է իշխանամետ էլեկտրոատը, ՀՅԴ-ն՝ ընդդիմադիր էլեկտորատը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» քայքայման վիճակում են, պարզ է, որ նրանց ձայների վերաբաշխում կգնա. «Այդ առումով կարող է խորհրդարանում եւս 1-2 կուսակցություն հանդես գա: Կարող ենք կանխատեսել, որ ապագա ԱԺ-ում կլինի 6-7 կուսակցություն, կոալիցիան կպահպանի իր դիրքերը: Չի բացառվում, որ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի կողքին կարող է եւս 1-2 կուսակցություն կոալիցիա կամ միություն կազմեն»:
Սոցիոլոգի խոսքով, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մի խորշ է գտել, որը փորձում է օգտագործել, բայց հայտնի չէ՝ դա նրան հինգ տոկոս կբերի՞, թե ոչ: «Ժառանգության» ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշն է եղել, որը երբեք 7-8տոկոսից չի իջել: Կան կուսակցություններ, որոնք ուժ են ներկայացնում իրենց խարիզմատիկ առաջնորդների շնորհիվ, դա ԲՀԿ-ն է՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգությունն» է՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ ՀԱԿ-ը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Եթե այդ խարիզմատիկ դեմքերը չլինեն, այդ կուսակցությունները ավելի թույլ կլինեն»,-իր խոսքն ամփոփեց Ադիբեկյանը:




























