Կարեւորը վերահսկելի իշխանություն ունենալն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով, ինչքան իրականում մոտ լինեն իրար հակասող, չվստահող ուժերը,  այնքան ավելի լավ, այնքան ավելի վերահսկելի իշխանություն կունենանք:

«Ինձ համար հավատալ-չհավատալը բացարձակապես քաղաքական գործընթացներին վերաբերող խնդիր չէ: Քաղաքական գործիչները փոփոխական են եւ դա բնական է: Նախընտրական շրջանում բոլորը կուրծք են ծեծելու, խոսելու են իրենց հայերանասիրության մասին, բոլորը ավելի ու ավելի մեծ չափ են տալու «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսին: Բայց կարեւոր է, թե ով ինչ ուղի է անցել»,ընդգծեց Բաբայանը:

Թատրոնի ղեկավարի խոսքով, այն քաղաքակրթական ուղին (ԵՏՄ), որn ընտրել է Հայաստանը, հուշում է, որ որեւէ որակյալ բան չենք ունենալու. «Մնում է այդ ուղու մեջ պարզապես փորձել օրենքի սահմաններում գործել, իսկ դա վերահսկողությունն է, որպեսզի լինի անկախ դատական համակարգ, նայել, թե ի վերջո, այս երկրում կա՞ որեւէ քաղաքական ուժ, որը ուշադրություն կդարձնի արհմիությունների ստեղծմանը եւ այլն, առանց որոնց երկիրը չի կարող գոյատեւել: Մեր քաղաքական դաշտում միայն կոչեր են, թե հավատացեք մեզ, դրա համար ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում մարդկանց կենսագրությանը»,-ասաց Ռուբեն Բաբայանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին նա ընդգծեց. «Անձամբ ինձ համար Գագիկ Ծառուկյանի տեղը իրական բարեգործությունն է, այլ ոչ թե քաղաքականը: Ես հասկանում եմ, որ մարդիկ, որոնք փորձում են զբաղվել քաղաքականությամբ, մեծ ուշադրությամբ նայում են Ծառուկյանի գրպանին: Ես կուզենայի, որ ունենանք նոր մանթաշովներ, որոնք միգուցե կունենային որոշակի քաղաքական նախընտրություններ, բայց անմիջականորեն չէին մտնի դրա մեջ»:

Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի մասին Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ղեկավարն ասաց. «Նա 5 տարի ԱԺ պատգամավոր էր, ցավոք սրտի չեմ լսել որեւէ ելույթ կամ առաջարկություն կամ օրենսդրական նախաձեռնություն, կոնկրետ աշխատանքը չեմ տեսել: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ընդհանրապես դժվարանում եմ ասել, որովհետեւ բացի 1-2 հայտարարությունից, որոնք վերաբերում են իր նոր կարգավիճակին, որեւէ նոր բան չեմ լսել, որ կարողանամ գնահատական տալ»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խորհուրդ տվեց կարդալ Սեյրան Օհանյանի գրած գիրքը, ինչին Ռուբեն Բաբայանն արձագանքեց. «Այնքան լավ գեղարվեստական գրքեր կան, ես դրանք եմ կարդում»: