Երեւան քաղաքի բոլոր փողոցները մեկ օրում մաքրելն անհնար է։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյան, նշելով, որ այս օրերին Երեւան քաղաքում փակ փողոցներ ու կանգնեցված երթեւեկ չենք ունեցել։

«Ձնամաքրման աշխատանքներ իրականացվում են առաջնայինը կենտրոնական փողոցներում՝  երթեւեկությունը կաթվածահար չանելու համար, այնուհետեւ մաքրվում են երկրորդական փողոցները ու բակայի տարածքները։ Այժմ բոլոր գլխավոր փողոցները երթեւեկելի են, որեւէ խոչընդոտ չկա։ Ամբողջ Երեւանը մեկ օրում անհնար է մաքրել, իսկ տեղումները դադարել են մեկ ու կես օր առաջ։ Այս օրերին փակ փողոցներ չենք ունեցել, փակ երթեւեկ չենք ունեցել»,-ասաց նա։

Արթուր Գեւորգյանը նաեւ նշեց, որ կարեւոր է, որ տնտեսվարող սուբյեկտները նույնպես իրականացնեն իրենց առաջ դրված պարտավորությունները, որի մասին լկա քաղաքապետարանի համապատասխան որոշումը։

«Կա նաեւ համապատասխան որոշում, ըստ որի յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է մաքրել այն տարածքները, որտեղ նա իրականացնում է իր գործունեությունը։ Նաեւ պետք է հորդորեմ, որ այդ պարտավորությունները սկսվեն կամ էլ շարունակեն իրականացվել»,-նշեց նա։

NEWS.am-ի թղթակիցները շրջեցին քաղաքի փողոցներով՝ պարզելու, արդյունավետ են «Սանիթեքի» կողմից իրականացվող ձնամաքրման աշխատանքները եւ արդյոք դրանք իրականացվում են։ Կենտրոնական փողոցները հիմնականում անցանելի են, սակայն հենց այդ նույն կենտրոնական փողոցների մայթերի մեծամասնությունը դեռ շարունակում է հաստ սառույցի շերտի տակ մնալ։ Անխնամ է նաեւ շենքերի բակային տարածքների վիճակը, որտեղ հաստ մերկասառույցը ու ձնակույտերը թույլ չեն տալիս հետիոտնին իջնել բակ։