ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը դեռ չի որոշել՝ ինչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։

«Առնվազն որպես ՀՀ քաղաքացի, որն իրավունք ունի ընտրելու, մասնակցելու եմ։ Մնացածը կյանքը ցույց կտա»,- այսօր՝ հունվարի 31-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:

Պատգամավորը չբացառեց, որ կարող է միանալ որեւէ ուժի եւ նշեց, որ վերջնական որոշում կկայացնի միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն բոլոր ուժերի ծրագրերը։

«Առայժմ ոչ մի հրավեր չկա։ Ես մի քանի անգամ կրկնել եմ, որ երբ լինեն ծրագրերը, որոնք կգայթակղեն ինձ միանալ, ըստ դրա կգնահատեմ։ Այլապես, միշտ վերադառնալու տեղ ունեմ, կվերադառնամ իմ վերլուծական-հետազոտական աշխատանքին»,- ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ կարեւոր է նաեւ այն ուժը, որը կներկայացնի ծրագիրը. «Ամեն ինչ կախված է ծրագրերից եւ այն թիմից, թե արդյոք ես կհավատամ, որ այդ գրված ծրագրերը կիրականանան: Հանրապետականը, վստահ եմ, ամենագեղեցիկ ծրագիրը կարող է գրել, որովհետեւ ամբողջ պետական մեքենան իրենց համար կարող է աշխատել, կարող են վարձել լավագույն փորձագետներին, բայց դա չի նշանակում, որ ես հավատալու եմ, որ իրենց թիմը դա կիրագործի, որովհետեւ արդեն այս 5 տարին բավարար էր հասկանալու համար, որ Հանրապետականն այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել նախընտրական ծրագրերից որեւէ մեկը»,- ասաց նա։