Երաժշտության մասին պետք չէ գրել, այն պետք է լսել։ Թվում է, դա լավագույնն է, ինչ նրա հետ կարող ես անել։ Հատկապես կիրակի։ Այդ պատճառով Trio Nuovo համերգը ներդաշնակորեն համադրվեց երեւանցիների կիրակնօրյա կյանքին, բացառությամբ մի փոքր հանգամանքի, որը թեթեւակի շփոթություն առաջացրեց։
Բանն այն է, որ երաժշտությունը, ինչպես գիտենք, սովորություն ունի պատահել երեկոյան, բայց այս անգամ այն պատահեց ցերեկը։ Եվ դա արվել էր ոչ հենց այնպես։
«Մենք որոշեցինք, որ դրանում յուրահատկություն կա։ Ակումբ, ցերեկային լույս եւ ջազ, սա յուրահատուկ համադրություն է եւ դրանով էլ հետաքրքիր»,– ասում է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին՝ հավելելով, որ հաջող փորձի դեպքում ինքը հույս ունի, որ ուրիշ երաժիշտներ կմիանան այդ նախաձեռնությանը։

Վահան Արծրունի
Երաժշտական երեկոն, որը կառուցված է ազատ ջազային իմպրովիզացիայի սկզբունքով, գործիքային համերգների շարքից է։ Երգեր՝ որպես այդպիսին, քիչ կային։ Արծրունու կողքին բեմում էր դաշնակահար Մադաթ Ավանեսովը եւ սրնգահար Նելի Մանուկյանը։
Մադաթ Ավանեսովը, որն իր վրա էր կրում իմպրովիզացիայի հիմնական բեռը, թվում էր, թե ձուլվել է գործիքի հետ, դարձել նրա մի մասը, շարունակությունը։ Նելի Մանուկյանը թեթեւ խաղով երաժշտությանը հատուկ հմայք եւ տրամադրություն էր հաղորդում։
Տրիոն՝ Արծրունի, Մանուկյան, Ավանեսով, ձեւավորվել է կես տարի առաջ՝ 2016-ի վերջին Արծրունիի 50-ամյակին նվիրված համերգների շարից հետո:
«Բացի այդ, ես նշում էի բեմական գործունեության 30-ամյակս, այդ ժամանակ ես որոշեցի, որ իմ համերգները պետք է բազմաժանր լինեն, այսինքն՝ կոնկրետ էսթետիկայի շրջանակում լուծվեն՝ կամերային երաժշտություն, սիմֆոնիկ, անպլագտ եւ պրոգրեսիվ երաժշտություն։ Դրանից հետո ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ ես կարմիր գիծ եմ քաշել այն ամենի համար, ինչ արել եմ այս տարիներին։ Ջազին, Ֆյուժն երաժշտությանը մոտ ձեւաչափը հենց այն է, ինչով ես երբեք չեմ զբաղվել, ահա եւ ծագեց TRIO NUOVO–ի՝ նոր տրիոյի գաղափարը»,– հավելեց Արծրունին։
Սրնգահարուհի Նելի Մանուկյանի հետ կոմպոզիտորը վաղուց է համագործակցում, գրեթե 7 տարի, իսկ Մադաթ Ավանեսովի հետ նվագել է տարբեր նախագծերում, սակայն տրիո ստեղծելու գաղափարն առաջացել էր այն ժամանակ, երբ դաշնակահարը Երեւան էր եկել համերգային ծրագիր պատրաստելու։ Այդ ձեւաչափը մտածված էր որպես փորձ, այդ ժամանակից սկսած՝ տրիոն մոտ 15 համերգ է տվել տարբեր դահլիճներում եւ ակումբներում։

Նելի Մանուկյան
Ամենից բարդը, ինչպես խոստովանում է Արծրունին, նվագախմբի հետ նվագելն է։
«Որքան կոլեկտիվը մեծ է, այնքան մեծ է հավանականությունը, որ դու բեմում կհայտնվես երաժիշտների այն կատեգորիայի հետ, որոնք ոչ միայն չեն ընդունում քո երաժշտությունը, այլ նաեւ չեն կիսում այս կամ այն կերպ կատարելու քո ցանկությունը: Արդյունքում շատ բաներ ես կորցնում նյուանսներում, համագործակցությունը կարող է չստացվել, այդ պատճառով ինձ համար շատ թանկ է փոքր կազմը, որի հետ փոխըմբռնման աստիճանը տանում է նիրվանայի»,– պարզաբանում է երաժիշտը։
Դրանից բացի, եթե փոքր կազմով մեկ ամսում ծրագիրը փորձելու հնարավորություն կա, ապա նվագախմբի հետ առավելագույնը 2-3 անգամ է ստացվում։
Համերգասրահներում եւ ակումբներում նվագելու տարբերությունը բացատրելով՝ Արծրունին նշեց, որ ակումբում նվագելու գայթակղությունը մեծ է, քանի որ հանդիսատեսի մոտ լինելը ինչ–որ դրայվ է տալիս։ «Ունկնդիրը ձեռքի ափի հեռավորության վրա է։ Նրա ուշադրությունից ոչինչ չի վրիպում, եւ պատասխանատվությունն ավելի մեծ է թվում»։

Մադաթ Ավանեսով
Պատրաստվելով ելույթ ունենալ ակումբներում՝ երաժիշտը պայմանավորվում է, որ սեղանները հանված լինեն, իսկ աթոռները դասավորված լինեն որոշակի տրամաբանությամբ։
«Համերգի պայմանականությունը պետք է պահպանվի։ Դա շատ կարեւոր է ինձ համար։ Ռեստորանի մթնոլորտ չպետք է լինի։ Ի թիվս այլ բաների՝ մեր հանդիսատեսը մեծամասամբ ծխող է, եւ դա ինձ շատ է նյարդայնացում։ Այդ պատճառով այն տեղերում, որտեղ այդ բաղադրիչը կա, ես անելիք չունեմ»։
Համերգից դուրս գալով եւ լսելով սեփական զգացողություններն ու մարդկանց արձագանքները՝ ես գալիս եմ այն եզրակացության, որ տրիոյի ստեղծած երաժշտությունը մտածող մարդկանց համար է։ Նուրբ փիլիսոփայությունը, տեղ–տեղ հայտնվող հաճելի հումորը, թվում է՝ արդյունք է կյանքի ընկալման. կյանքն ինչպես որ կա՝ մի փոքր տխուր, բայց անխուսափելիորեն լուսավոր ավարտով։



























