2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը եւ  Ազգերի Անդյան միության խորհրդարանը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2016 թվականի տարեկան հաշվետվությունում:

Հաշվետվությունում, մասնավորապես ասվում է.

«2016թ. հայկական դիվանագիտությունը շարունակեց ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ՝ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ տեղական իշխանությունների, Սփյուռքի կառույցների հետ համագործակցաբար, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անցկացրին ոգեկոչման եւ հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպեցին համաժողովներ եւ ցուցահանդեսներ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից առանձնահատուկ կարեւորություն ունեցավ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը, որտեղ ընդգծվեց նաեւ Կայսերական Գերմանիայի պատասխանատվության բաժինը։ Այն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի կողմից արված հայտարարության հետ մեկտեղ, հանդիսացավ Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային պայքարում։

Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատը, իսկ մայիսի 4-ին Արեւելյան Վիրջինիան ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր` այդպիսով Ցեղասպանություն ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասցնելով 44-ի։

Սեպտեմբերի 19-ին Ազգերի Անդյան միության խորհրդարանն (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Չիլի) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւ։ Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2016թ. ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին եւ դատապարտեցին նաեւ մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ։

Արտաքին գործերի նախարարությունն իր կարեւոր ներդրումն ունեցավ ապրիլի 23-ին Երեւանում կայացած «Ցեղասպանության կենդանի վկաները» խորագիրը կրող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման, ավելի քան 50 երկրներից հարյուրավոր քաղաքական գործիչների, խորհրդարանականների, գիտնականների, փորձագետների, ինչպես նաեւ Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունները եւ ԴԱԻՇ-ի՝ եզդի բնակչության դեմ իրականացրած հանցագործությունները վերապրածների մասնակցության ապահովման եւ, ընդհանուր առմամբ, ֆորումի անցկացման հարցում։

Նշենք, որ աշխարհի 23 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ի  50 նահանգներից 44-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: