Կանանց նկատմամբ բռնությունն ունի իրավական եւ հասարակական պատճառներ, որոնց լուծման համար մեծ դեր ունեն ՀԿ-ները, կառավարությունն ու ԱԺ-ն: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Եվրոպայի խորհրդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Նա նշեց, որ կառավարությունն ու ԱԺ-ն կարող են պայքարել ընտանեկան բռնության դեմ՝ ընդունելով համապատասխան օրենք, իսկ ՀԿ-ները մեծ դեր ունեն հասարակության և իշխանության միջև կապ հաստատելու հարցում: Նա նշեց, որ բռնության դեմ պայքարը ոչ թե պարտադրնք է, այլ անհրաժեշտություն:
«Մենք պետք է գիտակցենք, որ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարն Արևմուտքի կողմից պարտադրանք չէ»,- ասաց նա:
Վուտովան նշեց նաեւ, որ խնդրի լուծման հարցում մեծ է նաեւ հասարակության դերը.
«Կարևոր է կանանց դերի նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխել, երիտասարդ տղաներին եւ աղջիկներին կրթելու անհրաժեշտություն կա: Աղջիկներին մանկուց պետք չէ ասել, որ լինեն մեղմ, իսկ տղաներին՝ ուժեղ, քանի որ այդ տարիքում ընտանեկան բռնության սերմերն ենք ցանում»,-ասաց նա՝ առաջարկելով բռնության դեմ պայքարել դրա հանդեպ անհանդուրժողականությամբ. «Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք անհանդուրժողականություն կհայտնեն ընտանեկան բռնության հանդեպ»:



























