Հայաստանի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդել կմշակվի: Այս մասին նշվել է փետրվարի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման հիմքում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրն էր: Ներկայացված նախագծով սահմանվում են շուրջ երեք տասնյակ միջոցառումներ, որոնք ակնկալվող արդյունքի տեսանկյունից առավել արդյունավետ կդարձնեն ջրային ռեսուրսների կառավարման համակարգը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպումից հետո գերատեսչությունները սահմանված ժամկետում ներկայացրել էին համապատասխան առաջարկություններ, որոնք ներառվել էին ծրագրում:
Նշվել է օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան օրենքներում փոփոխությունների կատարումն ու ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:
Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների ընդունում, ինչը հնարավորություն կտա հաշվարկել տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական եւ ազգային ջրային պաշարները, կատարել տարածքի ջրի առաջարկի եւ պահանջարկի վերլուծություն:
Նախատեսվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կներառեն ջրային ռեսուրսների պետական կադաստրի կատարելագործման, հիդրոերկրաբանական թվայնացված քարտեզի եւ ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի մշակման, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացներ:
Մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ձկնաբուծական, ոռոգման եւ խմելու-կենցաղային նպատակներով ջրօգտագործման համակարգում, այդ թվում` տեսչական ստուգումներ ռիսկային ջրօգտագործողների մոտ, կլուծարվեն լցված, ոչ պիտանի հորատանցքերը, կվերանայվեն ձկնաբուծական տնտեսություններում ջրի քանակական նորմաների համաձայն ջրօգտագործման թույլտվությունները եւ այլն:
Քննարկման ընթացքում հնչած մի շարք առաջարկություններ եւ ուղղումներ կներկայացվեն արդեն միջգերատեսչական աշխատանքային խմբի հաջորդ նիստի ընթացքում՝ մեկ շաբաթից:


























