Տավուշի մարզում 1 կգ խոզի միս գողանալու համար տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, որոշել է պայմանականորեն պատիժը չկիրառել:

Ըստ մեղադրական եզրակացության` Արծրուն Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում մուտք է գործել Իջեւանի խանութներից մեկ, որտեղից բացահայտ հափշտակել է 1 կգ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի՝ պատճառելով 2 հազար դրամի վնաս:

Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում պարզ է դարձել արդեն, որ տղամարդն այդ քայլին է գնացել կյանքի ծանր հանգամանքների զուգորդման կամ սոցիալական ընչավոր վիճակից դրդված:

Նշենք, որ Արծրուն Հարությունյանը նախկինում նույնպես դատապարտված է եղել եւ ավելի ուշ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից: Պատժի չկրած մասը կազմել է 1 տարի 6 ամիս օր: Մինչև այդ ժամկետի լրանալը կատարել է սույն գործով իրեն մեղսագրված արարքը:

Դատարանը վճռել է Հարությունյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, նշանակված պատժին որոշվել է մասնակի գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ վերջնականապես դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել: