Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը 10 նստաշրջանի ընթացքում 51 նիստ է անցկացրել, ստացել է 32 դիմում, որից կեսից ավելին վարույթ չի ընդունել, 5 դիմումի վարույթ կարճել է, մեկ դիմումի քննություն էլ՝ կասեցրել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, «ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ նշել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նրա խոսքով, ԱԺ նստաշրջանից նստաշրջան ստացված դիմումների քանակը նվազել է, ինչը իրենք գնահատում են որպես ակնկալիքների չարդարացման, անվստահության չափանիշ:

«Հանձնաժողովին հիմնականում դիմել են քաղհասարակության ներկայացուցիչները, երկու դիմում՝ լրագրողներից եւ 3 դիմում՝ պատգամավորներից: 4 տարվա ընթացքում Հանձնաժողովը 7 անգամ էթիկայի կանոնների խախտում է արձանագրել: Դրանցից 6-ը վերաբերել են երեք պատգամավորների. մասնավորապես, 3 անգամ հանձնաժողովը քննարկել է Առաքել Մովսիսյանի (Շմայս, ՀՀԿ) վարքը, 2 անգամ՝ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր, ՀՀԿ), մեկ անգամ՝ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո, ՀՀԿ), մեկ որոշում էլ վերաբերել է ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորների»,-ասաց Վասիլյանը:

Նրա խոսքով, Հանձնաժողովը վերածվել է պատգամավորների վարքը գնահատող կառույցի: Լրիվ երկրորդ պլան է մղվել շահերի բախման, ձեռնարկատիրական գործունեության արգելքով հետամուտ լինելու գործառույթները:

«Երկու անգամ է շահերի բախման հարց քննարկվել, մեկը վերաբերել է Միքայել Մելքումյանին, մյուսը՝ Հերմինե Նաղդալյանին, երկու դեպքում էլ դիմումները մերժվել են: Այս ընթացքում Հանձնաժողովը ղեկավարել են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, միայն մեկ նստաշրջանում (2-րդ) է ղեկավարը եղել ՀԱԿ-ից՝ Նիկոլ Փաշինյանը, որի ժամանակ ստացվել են ամենաշատ թվով դիմումները»,-ընդգծեց փորձագետը, եզրակացնելով, որ Հանձնաժողովը վերածվել է անարդյունավետ գործիքի, որին չեն հավատում ոչ պատգամավորները, ոչ քաղհասարակությունը. «Հանձնաժողովին լուրջ չեն վերաբերում, որի վկայությունն է նույն պատգամավորի վերաբերյալ երեք որոշման առկայությունը: Սա նշանակում է, որ այդ պատգամավորների վարքագծի վրա Հանձնաժողովի որոշումները որեւէ ներգործություն չի ունենում»: