Երբ խոսում ենք էթիկայի կանոնները խախտելու մասին, բոլորը նայում են քաղաքական մեծամասնության կողմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, «ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Երբ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը ԱԺ դահլիճում գալիս, բոլոր պատգամավորների քարտերը հանում էր, դա էթիկայի կանոնների խախտում չէ՞. դա ոչ միայն էթիկայի կանոնների խախտում է, այլեւ կանոնակարգի, որովհետեւ, ըստ էության, նա զրկում էր ինձ իմ քաղաքական դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից, նույնիսկ եթե ինքը դրան դեմ էր»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելը ավանդույթի է վերածվել, նա արձագանքեց. «Ես դա ավանդույթ չէի համարի: Մեր խնդիրը պետք է լինի փորձել այս ինստիտուտը կայացնել, իսկ դրա համար պետք է էթիկայի կանոնների նկատմամբ հանրային վերաբերմունքը արմատապես փոխել: Եթե դա չեղավ, 10 հանձնաժողով ստեղծեք, ոչ մի արդյունք չեք ստանա»:



























