Կներդրվի այնպիսի բնավճարների համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում, որտեղ քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:

«Բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական  կազմակերպության  նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգը եւ դրա կատարելագործման,  հասցեական օգտագործման հնարավորությունները: Բանախոսը շեշտել է, որ ներկայում գործող վճարների համակարգը ձեռնարկողներին չի ստիպում առաջնորդվել բնապահպանական առաջնահերթություններով եւ պետք է վերանայվի այն:

Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն հավելել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում եւ դրա լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ բյուջե մուտքագրված բնապահպանական, բնօգտագործման վճարներն ամբողջովին ուղղել բնապահպանական ծրագրերի իրականացմանը` համայնքների աջակցմանը, կանաչ աշխատատեղերի, տեխնոլոգիաների ներդրմանը: Այս գործընթացում ակնկալվում է նաեւ միջազգային դոնոր կառույցների կողմից ծրագրերի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում, ինչը լրացուցիչ միջոցների ներհոսք կապահովի Հանրապետության բնապահպանության ոլորտ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային  է համարել Անկախության հռչակագրում ամրագրված դրույթը, ըստ որի` Հանրապետության բնական պաշարները համաժողովրդական սեփականություն են, եւ նախարարությունը իր բյուջետային ծրագրերում առաջնորդվելու է վերոհիշյալ դրույթով: Արծվիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է բնավճարների այնպիսի համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը, կբացառի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու եւ դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու տարբերակը:

Ըստ նախարարի, այդ նպատակով կմշակվի նաեւ տույժերի  վճարման այնպիսի համակարգ, որը կնախատեսի նաեւ վերահսկողական գործընթացում հասարակության ակտիվության խթանում` նյութական խրախուսման միջոցով:

«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Հասարակական խորհրդի քննարկմանն է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի V/9a որոշման կատարման առաջընթացի հարցը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Համապատասխանության կոմիտեի բարձրացրած բոլոր հարցերով ձեռնարկվել են քայլեր, մշակվել են համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծեր:

Քննարկումների ավարտին, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվող բազմաթիվ բնապահպանական խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը, որոշվել է ավելի խաճախ հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը: