ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են Հրազդան եւ Գետառ գետերի` կոյուղաջրերով եւ կենցաղային աղբով աղտոտվածության հիմնահարցը:
ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկել է Հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից եւ այլ լիազոր մարմիններից, մշակել եւ ներկայացնել լուծումների մեխանիզմներ:
Հասարակական խորհրդի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է «Անաղբ Հայաստան» միջոցառումների ծրագիր, որ կընդգրկի նաեւ այն գետավազանները, որտեղ առկա է ռեկրիացիոն միջավայր, այդ թվում նաեւ Հրազդանի կիրճը: Միջոցառումների շրջանակներում կդիտարկվեն նաեւ բարձրացված հիմնահարցերը: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության գործունեության 2017թ. ծրագրում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկված է ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում, որը նույնպես նպատակաուղղված է վեր հանված խնդիրների լուծմանը:



























