Թբիլիսիի Black and White պատկերասրահում կբացվի հայտնի  հայ լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Գերման Ավագյանի ցուցահանդեսը՝ «Թբիլիսիի դեմքերը», հայտնում է «Նովոստի Գրուզիա»–ն։

Գերման Ավագյանը ծնվել է Վրաստանի արեւմուտքում՝ Խոնիում։ Նրա նախագիծը  Վրաստանի տարբեր ազգությունների ներկայացուցիչների սեւ–սպիտակ դիմանկարներն են։ Նրա խոսքով՝ հենց տարբեր մշակույթների հետ շփվելն էլ ներկայացնում է իր նախագծի արժեքը։

«Այսօր Թբիլիսին Կովկասում միակ քաղաքն է, որտեղ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կարող են ներդաշնակ հարեւանությամբ գոյակցել՝ պահպանելով կրոնական ծեսերը, տոները՝ իրենց ազգային ավանդույթներին համապատասխան»,– ասված է Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջում։

«Անձամբ ինձ համար՝ որպես լուսանկարչի, որն ապրում եւ աշխատում է Հայաստանում, որի բնակչության 99 տոկոսը հայեր են, շատ ավելի  հետաքրքիր էր նախագծի իրականացման գործընթացը, քան արդյունքը։ Այս նախագիծն ինձ հնարավորություն տվեց շփվել մարդկանց հետ, որոնց հետ զրկված ես շփվելու հնարավորությունից Կովկասում էթնիկ հակամարտությունների պատճառով»,– ասում է Ավագյանը։

Գերման Ավագյանը եղել է «Զինվոր», «Հայաստանի Հանրապետություն» եւ Takoma Voice (ԱՄՆ, Մերիլենդի նահանգ) թերթերի ֆոտոլրագրողը։ 2000 թվականին Գերման Ավագյանը ամերիկահայ «Համայնապատկեր» ամսագրի վարկածով ճանաչվել էր «Տարվա լավագույն լուսանկարիչ»։