ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր հացադուլ եւ ջրադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 3-ի այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն օրը դիմում է ներկայացրել հացադուլի եւ ջրադուլի դադարեցման վերաբերյալ: Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում՝ մեկուսի:
Առանձնազրույցի ընթացքում Ներսես Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը եւ հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Ներսես Պողոսյանը Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից եւ ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներսես Պողոսյանը ջրադուլով եւ հացադուլով պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:



























