Նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս երկու օրերին Դանիելսոնն արդյունավետ եւ օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը:
Այդ համատեքստում նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները՝ հիշատակելով վերջին շրջանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան:
Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Քրիստիան Դանիելսոնը կարեւորել է ՀՀ նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:
Հանրապետության նախագահը ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր ձեռքբերումների թվում նշել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը եւ հավաստիացրել, որ մեր երկիրը այսուհետ եւս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը:
ՀՀ նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:





























