Փետրվարի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը եւ մրցանակաբաշխությունը: Հաղթող թիմերին գավաթներով եւ նվերներով պարգեւատրեցին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անցկացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը շախմատի մրցաշարով մեկնարկել է հունվարի 27-ին: Խաղերին այս տարի մասնակցել են հայաստանյան 10 բուհերի թիմեր, մրցաշարեր են անցկացվել 4 մարզաձեւից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս):
Մինչ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ եւ քաղպաշտպանության ամբիոնի 40-ամյա գործունեության մասին պատմող գրքի (հեղինակներ`Լյովա Սամվելյանի, Հովհաննես Գաբրիելյան) շնորհանդեսը:
Վոլեյբոլի մարզաձեւում հաղթող ճանաչվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերում էին Ագրարային եւ Մանկավարժական համալսարանների թիմերը: Սեղանի թենիսի մրցաձեւում`Պոլիտեխնիկի, Սլավոնական եւ Լեզվաբանական համալսարանների թիմերը, հրաձգության մրցաձեւում` Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը, շախմատում հաղթող ճանաչվեց Մանկավարժական համալսարանի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղում Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերն էին:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարեւորեց դասախոսական խաղերի անցկացումն ու նշեց. «Ֆիզիկական ակտիվությունն ու դաստիարակությունը պետք է վարակիչ լինի անկախ տարիք, խմբից ու բուհում գործունեությունից: Կարեւոր է, որ հենց դասախոսներն իրենց օրինակով ցույց տան ուսանողներին առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության այն նորմերը, որոնք պետք է ունենան նաեւ ուսանողները: Իրենք դասավանդում են, շատ լավ է, բայց ավելի կարեւոր է, երբ իրենք ցույց են տալիս սեփական մասնակցությամբ եւ օրինակով»:
Ֆիզդաստիարակության, ԱԻ եւ քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի խաղերին մասնակցում են նաեւ Սլավոնական եւ Ամերիկյան համալսարանների թիմերը, մրցաձեւերի շարքում ավելացել է նաեւ շախմատը. «Այս ամենը կազմակերպվում է, որ մեր դասախոսները բացի մարզելուց նաեւ իրենք մարզվեն: Նախկինում նրանք էլ են եղել սպորտսմեններ, իրենց մեջ էլ կա մրցակցության ոգին»:



























