Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության որոշմամբ, ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը 2017-ի հունվարին պետականորեն վերաճանանչվել է:
Բուհից NEWS.am-ին հայտնում են, որ ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը մնում է համարժեք Ֆրանսիայի ճարտարապետի պետական դիպլոմին:
Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին գրանցվել մասնագիտական գործունեություն ծավալելու «Պետական դիպլոմ ունեցող ճարտարապետի ինքնուրույն նախագիծ ներկայացնելու» լիցենզիա ստանալու համար: Պետության կողմից շնորհված այդ լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել մասնագիտական գործունեություն, ճարտարապետի մասնագիտությանը հատուկ իրավունքների եւ պարտավորությունների շրջանակում:
Ֆրանսիաի մշակույթի եւ հաղորդակցության նախարարի նշված որոշման, համար հիմք է հանդիսացել Եվրոպական միության ոչ անդամ պետություններում ճարտարապետներին տրվող դիպլոմների, հավաստագրերի եւ այլ կոչումների ճանանչման մասնագիտական որակավորումների ճանանչման ազգային հանձնաժողովի գնահատականը: Հանձնաժողովը ուսումնասիրելով ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի կրթության որակը դրական կարծիք է հայտնել ճարտարապետի հայկական դիպլոմի ճանանչման վերաբերյալ:



























