Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչներն արդեն 20 օր առանց խմելու ջրի են մնացել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Վրույր Մակարյանը նշեց, որ գյուղի ջրի խողովակները ցրտից սառել են եւ այդ պատճառով էլ գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: Վրույր Մակարյանի խոսքով, արդեն դիմել են համապատասխան մարմիններին, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկել խնդրին լուծում տալու համար:
«Խողովակները շատ նոսր են թաղված, դրա համար էլ սառել են: Խողովակների մի մասն էլ 40 տարվա վաղեմություն ունեն ու շարքից դուրս են եկել: Մարզպետը գիտի, բոլորը գիտեն, որ 20 օր ջուր չունենք, ասում են՝ գնացեք մի բան արեք,կամ էլ հեքիաթներ են պատմում, ասում են՝ գնացեք դիմում գրեք»,-ասաց նա:
Վրույր Մակարյանը նշեց, որ 20 օր շարունակ գյուղացիները ձյուն են հալեցնում անասուններին ջուր տալու, լողանալու համար, իր խմելու ջուր ստիպված են լինում խանութներից գնել, կամ հարազատներին խնդրել այլ բնակավայրերից ուղարկել:
Վրույր Մակարյանի խոսքով՝ փետրվարի 6-ին Ծաղկաշենցիները պատրաստվում են գալ Երեւան եւ դույլերով բողոքի ակցիա անել Ազգային Ժողովի դիմաց՝ պահանջելով լուծում տալ իրենց ջրի խնդրին:



























