«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս բարեկամներիցս մեկը պատմեց, որ մի փորձառու քաղաքական գործիչ, որն այդ պահին պատգամավոր չէր, իր մոտ էր հրավիրել բարեկամիս եւ սկսել իր սովորական, 25 տարվա հանգերգը` «պետք է մի բան անել, որ այս երկիրը…» եւ այլն: Բարեկամս ընդհատել է այդ ձանձրալի մենախոսությունը եւ ասել` «ուզում ես պատգամավո՞ր դառնալ, ես քեզ իմ ուժերի չափով կօգնեմ, բայց «երկիրը» դրա հետ մի խառնիր»:

Իսկապես կան մարդիկ, որոնք թեկուզ մի գումարման պատգամավոր լինելով, այլեւս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մանդատի: Պատճառները հասկանալի են: Նախ` ամեն տեղ չէ, որ 600 հազար դրամ աշխատավարձ են տալիս, իսկ դրա դիմաց դու կարող ես գրեթե ոչ մի բան չանել: Երկրորդ` «երկրի հզորների» եւ օլիգարխների կողքին պտտվելը բարոյական բավարարվածություն է պատճառում: Եվ վերջապես, դա հնարավորություն է տալիս միջնորդնելու տարբեր տնտեսական հարցերով: Ընդ որում, դա անում են թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր պատգամավորները:

«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: Մարդիկ, որոնք «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարադար համակարգից, այսօր հանկարծ որոշեցել են պայքարել արդարության համար: Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաեւ աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության եւ արտագաղթի մասին: Ինչպես վերջերս արդարացիորեն նշեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իրականում նախընտրական պայքարն այսօր պայքար է կոռուպցիոն լծակների համար:

Բայց այդ ֆոնի վրա մենք ստանում ենք նաեւ բարի լուրեր. ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարում հարգարժան մարդիկ՝ այդպիսով էլ ավելի բարձրացնելով իրենց վարկանիշը՝ Լարիսա Ալավերդյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Սուքիասյան: Հուսով եմ, նրանց կմիանա նաեւ Թեւան Պողոսյանը: Նրանք ապացուցում են, որ կարելի է ապրել Հայաստանում, օգտակար լինել երկրին եւ միաժամանակ չլինել Ազգային ժողովի պատգամավոր:

Հատկապես ողջունելի է Խաչատուր Սուքիասյանի որոշումը, որը պետք է ուղեցուցային դառնա մյուս խոշոր գործարարների համար: Զբաղվում ես բիզնեսո՞վ՝ կանաչ ճանապարհ, բայց մի փորձիր խցկվել խորհրդարան կամ կառավարություն՝ կոպտորեն խախտելով օրենքը եւ «ֆռիկներ» հորինելով «հավատարմագրային կառավարման» մասին: Միեւնույն է, այդ հեքիաթներին ոչ ոք չի հավատում:

Ամենեւեին կոչ չեմ անում ընտրողներին՝ բոյկոտել ընտրությունները՝ մենք պետք է եղածներից ընտրենք լավագույններին: Մյուս կողմից՝ նրանց, ովքեր չեն ուզում առաջադրվել, շատ լավ եմ հասկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում