Պաշտոնական տվյալներով անցյալ տարի մայրաքաղաքում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 12578 գործարք, որոնց 65.1 տոկոսը բաժին է ընկնում բնակարաններին: Այս թվերից ստացվում է, որ վաճառվել է 8188 բնակարան: Դա բնակարանային ֆոնդի 1.9 տոկոսից էլ քիչ է:
Բայց հարցն այն չէ, թե բնակարանային ֆոնդի որ մասն է առքուվաճառքի առարկա դարձել, այլ այդ ցուցանիշի դինամիկան: Նախորդ տարվա համեմատ՝ գործարքների քանակը կրճատվել է 4 տոկոսով: Հաշվի առնելով բնակարաններ գնելու լայն հնարավորությունը՝ այդ անկումը կարելի է բացատրել միայն գնողունակության կրճատմամբ: Սակայն պաշտոնական գները, թեպետ կրիայի տեմպերով, բայց աճել են: Օրինակ՝ դեկտեմբերին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում 1 քառ/մ-ի միջին շուկայական գինը տարեկան հաշվարկով աճել է, թեպետ շատ չնչին (Տես աղյուսակը):
Որոշ գործոններ սկզբունքորեն պետք է առնվազն խոչընդոտեին անշարժ գույքի թանկացումը: Վերջին տարիներին մշտական բնակչության թիվը անշեղորեն նվազում է: Միգուցե նրանց մի մասն ուղղակի երկրից բացակայում է մեկ տարուց ավելի եւ դրանով կորցնում է մշտական բնակչի կարգավիճակը: Բայց իրականում նման հանգամանալից հաշվառում դժվար թե տարվի:
Բնակչության բնական աճն անցյալ տարի կազմել է 12.5 հազար մարդ: Ստացվում է, որ մշտական բնակչի կարգավիճակը կորցրած մարդկանց թիվը մեծ է: Կան եւ այլ գործոններ, որոնք ազդում են անշարժ գույքի առաջարկ-պահանջարկի վրա: Հիմնական միտումը գնողունակության կրճատումն է:
Այդ պայմաններում գնաճը հնարավոր է միայն գնողունակության կառուցվածքի փոփոխության դեպքում: Սակայն այդ տարբերակը հակասում է գնողունակությունը մայրաքաղաքի էլիտար կենտրոնից դրա ծայրամասեր տեղափոխելու մասին տեղեկություններին:



























