Անցյալ տարվա աշնանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառն իշխանությունների լուրջ մտահոգությունն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը:
Նրա համոզմամբ՝ իշխանությունները լուրջ անհանգստություն ունեին, որ ՀՀԿ-ի խնդիրների դեպքում Սեյրան Օհանյանը կարող է բանակն օգտագործել ներքին նպատակներով: «Բանակի գլխին ավելի ենթարկվող մարդու նշանակելու անհրաժեշտություն կար»,- նշեց Խառատյանը:
Դիտարկմանը, թե 2008 թվականի ողբերգական դեպքերի ընթացքում այն ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, խախտելով Սահմանադրությունը, Երեւան բանակային ստորաբաժանումներ մտցրեց, որոնք կարող էին օգտագործվել միայն արտաքին ագրեսիային դիմակայելու համար, եւ ի՞նչ կարող էր փոխվել Օհանյանի մոտեցումներում, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Գլխավոր շտաբի ղեկավարը կարող էր օգտագործել բանակը, այլ պաշտպանության նախարար ունեինք՝ Միքայել Հարությունյանը: Չգիտեմ այդ գործողություններին Սեյրան Օհանյանի մասնակցության աստիճանի մասին: Չեմ կարծում, որ նա չի մասնակցել դրանց, բայց չեմ բացառում, որ այդ մասնակցությունը եղել է չցանկանալով կամ մասնակի դիմակայությամբ: Ես սա ասում են ենթադրաբար, տեղյակ չեմ իրադարձությունների ընթացքին»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության արդյունքում Երեւանի կենտրոնում 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 զինծառայող զոհվեց: Մարդկանց մահվան համար մինչ օրս ոչ ոք չի պատժվել:



























