Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում ձնհալի պայմաններում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Դա առաջ է բերել երեւանցիների զարմանքը, քանի որ նրանց կարծիքով, ջրով լցված փոսերը լցնելը շատ կարճ կյանք են ունենալու:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ առատ տեղումների հետեւանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի եւ ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես:
Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքներն ու, համաձայն Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, սույն աշխատանքները պարտավոր են իրականացնել սեփական միջոցների հաշվին:
Արդեն գարնանը տվյալ հատվածներում կիրականացվեն լիարժեք փոսանորոգման աշխատանքներ:



























