Փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Թայլանդի հետ հարաբերությունների զարգացումը եւ ամրապնդումը, եւ հաջողություն մաղթեց դեսպանին իր կարեւոր առաքելության մեջ:

Թայլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Թաիլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, եւ ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար:

Քննարկվեց երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, անդրադարձ արվեց միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերի՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խրախուսման շուրջ։ Երկուստեք շեշտվեց զբոսաշրջության ոլորտում առկա ներուժը եւ այն բացահայտելու ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։