ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը ՀՀԿ տարածքային ցուցակով՝ Երեւանի Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններում:
«Չեմ կարծում, որ ինչ-որ խնդիրներ լինեն ու այդ մրցապայքարը անցնի կոռեկտության սահմանները: Ընտրակարգն այնպես է արված, որ բոլորն էլ պայքարեն եւ առավելգույն ձայներ հավաքեն: Մարդը ինքնին միշտ պայքարի մեջ է ցանկացած ոլորտում, դա լինի ընտրություններ, թե այլ գործունեություն: Պրոֆեսիոնալ մարդը միշտ պայքարի մեջ է, որպեսզի լավագույնս իրեն դրսեւորի»,-այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Արթուր Գեւորգյանը:
«Իմ ընտրատարածքում ես միշտ ստացել եմ ընտրողների առավելագույն քվեները եւ հիմա բարոյական չեմ համարում, որ չարդարացնեմ այդ ընտրողների, քաղաքացիների ընտրությունը: Երեւի այս անգամ եւս կառաջադվեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարկաբեկված լինելուն, Արթուր Գեւորգյանն ասաց. «Հեղինակազրկված կուսակցությունը չի կարող լինել առաջատարը»:



























