Այսօրվա դրությամբ ՀՀԿ-ն հնարավորություն ունի գալիք ընտրություններում ձայների մեծամասնություն հավաքել։ Այս մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ 
Նրա խոսքով, քանի դեռ չեն ձեւավորվել վերջնական դաշինքները, սխալ է վստահ կանխատեսումներ անելը։ «Ցավոք դաշինքների մեծ մասը ձեւավորվում է ոչ թե միասնական գաղափարախոսության հիմքով, այլեւ տարբեր գաղափարախոսություններ կրողները մեկ դաշինքում են հայտնվում։ Երբ նրանք կհայտարարեն իրենց ծրագրերի մասին, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել այն մասին՝ արդյոք «Հանրապետական» կուսակցությունը լուրջ մտավախություններ կունենա, թե ոչ»,- նշել է Ավետիսյանը։ 
Պատասխանելով ընտրակաշառքի չափերի ավելացման մասին հարցին, մանավանդ ՀՀԿ կողմից, պատգամավորն ասել է․ «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում այս մասին։ Մենք աշխատում ենք արդեն մեկ ամսից ավել ու նման խոսակցություններ մեր կառույցներում չեն եղել։ Ես չգիտեմ, որտեղից են այդ խոսակցությունները»։