Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն «Մալականի այգում» բնակվող անտուն շների հարցով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով խնդրին արդար լուծում տալ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Պարոն Տ. Մարգարյան

Դիմում ենք ձեզ՝ կապված Մալականի այգում բնակվող անտուն շների հետ: Ուզում ենք տեղեկացնել, որ այգում ապրում են 7 շներ արդեն ավելի քան 3 տարի, որոնք բոլորը եղել են ստերջացված եւ պատվաստված Կենդանիների Պաշտպանութան «Դինգո Թիմ» ՀԿ-ի  կողմից: Շները շատ մարդամոտ են եւ անվտանգ, ինչի մասին վկայում են այգու տարածքում բնակվող եւ այգի հաճախ այցելող մարդկանց ստորագրությունները:

Վերջերս եղավ բողոք՝  կապված այդ շների այնտեղ լինելու հետ: Բողոքն ընդամենը 1 բնակչից է: Բողոքի հիման վրա մենք տարածքից տարանք շներից 2-ին, իսկ շներից մեկին՝ ով հանդիսանում է բողոքի հիմնական պատճառը, հիմա պահում ենք ցանցապատ տարածքում՝ տեղի պահակների մոտ: Նա այդ տարածքից դուրս չի գալիս: Տարածքը ցանցապատել ենք մեր ռեսուրսներով: Այնտեղ ենք պահում նաեւ շներից մյուսին՝ այգում քանակը քչացնելու նպատակով:  

Այգում այս պահին մնացել են 3 ստերջացված շուն: Նրանք մարդկանց համար բացարձակ անվտանգ են եւ կանխում են ոհմակների կուտակումը:

Բողոքող բնակիչը այս ասպարեզում չունի գիտելիքներ եւ չի հասկանում, որ եթե բոլոր շները այդ տարածքից տարվեն, այնտեղ շուտով կգան նոր, չստերջացված եւ միգուցե իսկապես վտանգավոր շներ:

Խնդրում ենք թույլտվություն, որպեսզի այդ 3 շները շարունակեն բնակվել այդ այգում, քանի որ նրանք անվտանգ են, ստերջացված են ու բնակիչների ճնշող մեծամասնությունը արդեն սովոր են նրանց ներկայությանը, ինչպես նաեւ խնդրում ենք տրամադրել բողոքող բնակչի կոնտակտները, որպեսզի մենք նրա հետ խոսենք ու բացատրենք, որ այդ 3 շներին այդտեղից տանելով հարցը ոչ միայն չի լուծվում, այլ նաեւ սրվում է: Մենք կարծում ենք, որ բողոքող բնակիչների հետ պետք է տանել բացատրական աշխատանք, քանի որ նրանց բողոքը հիմնականում կապված է այս ասպարեզում գիտելիք չունենալու հետ: Մենք պատրաստ ենք բացատրական աշխատանքը վերցնել մեզ վրա: 

Ապացուցված է, որ տարածքում ոհմակներ կուտակվելու խնդիրը կարող է լուծվել միայն այդ տարածքում մի քանի ստերջացված շուն ունենալով: Այս այգին երկար տարիներ շարունակ եղել է այդ փաստի վառ ապացույց: Այդ շների վրա ծախսվել է բավականին մեծ գումար՝ ստերջացնելու եւ պատվաստումների համար:

Հիմա տարածքից բոլոր շներին վերացնելը ընդամենը նպաստելու է, որ շատ շուտով այնտեղ հայտնվեն նորերը, քանի որ այգում կա սնունդի աղբյուր: 

Արդյո՞ք արդար է 1 բնակչի բողոքի պատճառով ջուրը գցել այդքան կատարված աշխատանքը եւ անտեսել մյուս բնակիչներին, որոնք կազմում են ճնշող մեծամասնություն:

Հույս ունենք ստանալ դրական պատասխան:

Գրավոր նամակին, որն այսօր հանձնել ենք Քաղաքապետարան,  կցել ենք  42 ստորագրություն տարածքում ապրող բնակիչներից եւ ամեն օր այգի հաճախող մարդկանցից:

Ինչպես նաեւ կցել ենք լուսանկար այն տարածքի, որը հատուկ ցանցապատվել է 2 շներին փակի տակ պահելու համար եւ թե ինչպես են այդ շները խաղում երեխաների հետ: