Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները կարող են քաղաքացիների խնայողությունները լայնորեն ներդնել վենչուային հիմնադրամներում: Այս մասին փետրվարի 6-ին՝ խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը եւ մի շարք ուղեկցող օրինագծեր:
Եթե հիմա կենսաթոշակային հիմնադրամները կարող են ներդրումային եւ վենչուրային հիմնադրամներում ներդնել քաղաքացիների խնայողությունների 2 տոկոսից ոչ ավելին, ապա առաջարկվում է այս շեմը մեծացնել մինչեւ 10 տոկոս: Հիմնադրամներում ավելի քիչ խնայողություն է կուտակվել, քան ԿԲ-ն ակնկալում էր: Նաեւ այն պատճառով, որ պահանջել է փողերը ներդնել շատ հուսալի ակտիվներում՝ հաշվի առնելով, որ խոսքը քաղաքացիների կենսաթոշակային կուտակումների մասին է: Բայց մյուս կողմից՝ որքան ֆինանսներն ավելի հուսալի են, այնքան քիչ տոկոս են բերում: Այդ պատճառով առաջարկվում է ռիսկի աստիճանը մի փոքր բարձրացնել, որ ապագա թոշակառուների հաշիվներում փողն ավելի շատ լինի:



























