Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի` հաջորդ խորհրդարանում լինելու հարցը կարծես թե վերանայվել է: NEWS.am-ի տեղեկություններով` քննարկվում է նրան կրկին ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի անցողիկ տեղում ընդգրկելու հարցը:
Ըստ ՀՀԿ կուլիսներում շրջանառվող տեղեկությունների` Մանվել Գրիգորյանին կուսակցության ղեկավարությունը առաջարկել է ընդգրկվել համապետական ցուցակի երկրորդ տասնյակում եւ ակտիվ աշխատել կուսակցության օգտին ձայներ ապահովելու ուղղությամբ: Մինչդեռ ավելի վաղ որոշվել էր, որ Ազգային ժողովում ՀՀԿ ավագ սերնդին պետք է փոխարինեին երիտասարդ, բանիմաց կադրերը: Մանվել Գրիգորյանը նույնպես չէր հերքել, որ չի լինելու հաջորդ խորհրդարանում, ավելին՝ նա պնդում էր, որ դա իր որոշումն է:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության մյուս գեներալը՝ Սեյրան Սարոյանը, Արմավիրի մարզում առաջադրվելու է ՀՀԿ տարածքային ցուցակով: Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ անդամներից մի քանիսը եւս կմասնակցեն ընտրություններին ՀՀԿ տարածքային ցուցակներով:



























