Փետրվարի 7-ին Երեւանի քաղաքապետարանում կայացավ ԱԻ նախարարության Երեւանի՝ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված վերջին հաշվետու նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԻՆ փրկարար ծառայության  տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ինչպես նաեւ՝ մասնակցում էին Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, համատեղ բեղմնավոր եւ արգասաբեր աշխատանք մաղթեց՝ հորդորելով հաշվետու նիստի ընթացքում ակտիվորեն մասնակցել Երեւան քաղաքի փրկարարական վարչության աշխատանքների գնահատման գործընթացին:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքի փրկարարական վարչության գործունեությունը ուղղված է եղել բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացմանը, կազմակերպությունների կողմից ուսումնավարժությունների պլանավորման ուղղությամբ մեթոդական օգնության ցուցաբերմանը, ենթակա ուժերի եւ միջոցների մշտական պատրաստության վիճակի ապահովմանը, ինչպես նաեւ պլանավորման եւ իրավական ակտերի մշակման աշխատանքների իրականացմանը՝ առանձնացնելով նաեւ գործունեության հիմնական ուղղությունները:

2016թ. հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքի տարածքում գրանցվել է 7701 արտակարգ դեպք՝ (2015թ.` 9247), որոնց հետեւանքով զոհվել է 154 (2015թ.` 165), մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 4554 (2015 թ.` 4313) մարդ: Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 1546-ով, կամ 16,7%-ով, զոհերինը՝ 11-ով, կամ 6,7%-ով, իսկ վիրավորներինը ավելացել է` 241-ով, կամ 5,6%-ով:

Ն. Նազարյանը նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային ուսումնավարժություն, որից 6-ը վարչական շրջանների ղեկավար կազմի, իսկ 2-ը՝ ԵՓՎ փրկարարական ծառայողների հետ, 120 հատուկ տակտիկական ուսումնավարժություն եւ 17 օբյեկտային վարժանք:

ԵՓՎ-ը շարունակում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ իրականացվում են տարբեր ծրագրեր: Ն. Նազարյանի խոսքով՝ չնայած 2016 թ. ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից իրականացված լուրջ աշխատանքներին՝ եղել են նաեւ թերություններ, այդ թվում՝ կարգապահական տարբեր տույժերի են ենթարկվել թվով 7 փրկարարական ծառայողներ:

Երեւանի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցեց տեսչության պետ Վ. Վահանյանը:

2016 թ. ընթացքում Երեւան քաղաքում հաշվառվել է 474 հրդեհ` 336140839 դրամ նյութական վնասով, որոնցից 20 հրդեհները խոշոր են` 206.849.393 դրամ նյութական վնասով: Հրդեհների հետեւանքով 8 մարդ զոհվել է, 16 մարդ ստացել է վնասվածքներ:

Հաշվետու տարվա հրդեհների քանակը 2015 թ. հետ համեմատած ավելացել է 3-ով կամ 0.64 %-ով, իսկ նյութական վնասը՝ 62.224.279 դրամով: