«Ի՞նչ կապ ունի՝ իմ որդին է, քո եղբայրն է, հայրն է, ո՞վ է, եթե լավն է, համապատասխանում է էդ հաստիքին, ունի այդ հնարավորութունները, լավ»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն (Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդի հաստիք) ստեղծելու մասին լուրերին:
«Շատ ապրեք, որ այդքան անհանգստացած եք իմ որդու համար, անկեղծ ասած ինձ թվում է, որ ձեր այդ սրտացավությունը այս պահին որեւէ հիմք չունի: Կառավարությունը որոշում է կայացրել մեկ հաստիք բացել համապատասխան աշխատանքի համար, կառավարությունը որեւէ մեկի անուն չի նշել, ընդամենը բացել է հաստիք, գործընթացները դրա վերաբերյալ դեռ պիտի ընթանան, պիտի հաստատվի, ֆինասավորումը պիտի կատարվի, պետք ընտրվեն այն մարդիկ որոնք կարող են այդ աշխատանք կատարել, որից հետո պիտի համաձայնեցվի:
Թե մեր, թե այդ երկրի կառավարության միջեւ այդ բոլոր գործընթացները դեռեւս չեն կատարված եւ բազմաթիվ մարդիկ, որ կարող են այդ աշխատանքը կատարել դեռեւս երեւան չեն եկել, ոչ մի ակնարկ այդ մասին չկա, բայց մեր սիրելի մամուլը, սիրելի լրագրողները երեւի, սրտացավութությունից ելնելով մեկ ամիս առաջ իմ որդուն այլ աշխատանք էին տեղավորել՝ առեւտրային ներկայուցիչ Եվրոպայում»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը բացել է հաստիք, որը խիստ կարեւոր է, մի քիչ էլ ուշացած:
Նաղդալյանը կարծիք հայտնեց, որ Չինաստանում ՀՀ առեւտրային կցորդ կընտրվի լավագույն թեկնածուն: Նա նշեց, որ որդին Չինաստանում երկար ժամանակ է ինչ սովորում է Չինաստանում:
Անդրադառնալով իր՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու լուրերին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Մամուլում գրողը այնպես էր գրել, կարծես հենց ինքը ագրիմանը ուղարկել էր եւ հեսա-հեսա պատասխանն էր ստանալու, ես զբաղված եմ իմ աշխատանքով, ես սիրում եմ իմ աշխատանքը եւ խորհրդարանում այս տարիների ընթացքում որոշակի փորձառություն եմ ձեռք բերել: Այդ փորձառութունը օգտակար է եւ կարող է դեռ օգտակար լինել, մեր կուսակցությունում բոլոր որոշումները կայացնում են ղեկավար մարմինը, որը եւ իմաստուն է, եւ քաջատեղյակ է որս, որտեղ, ինչպես ենք աշխատում»:
Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ կառավարությունը հավանություն է տվել Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին. «Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին եւ ցանկանում է որդուն տեսնել կարեւոր պաշտոնում։ Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը»:
Իր հերթին «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Միայն թե, առայժմ Նաղդալյանը կշարունակի խորհրդարանական գործունեությունը, առաջիկա ընտրություններում կընդգրկվի ՀՀԿ ցուցակ, կփորձի պատգամավոր դառնալ։ Իսկ երբ ՌԴ-ից ստացվի նրա նշանակման ագրեմանը՝ այդ երկրի համաձայնությունը, կլինի նաև հրամանագիրը»:




























