Transparent California կազմակերպությունը պարզել է, որ ամերիկյան Սան Ֆրանցիսկոյի մետրոյի կայարաններից մեկի հավաքարարը մեկ տարվա ընթացքում 270 հազար դոլար է աշխատել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով KTVU-ն:

2015 թվականին Լյան Չժաո Չժանի պաշտոնական աշխատավարձը կազմել է շուրջ 58 հազար դոլար: Բացի այդ՝ նա ավելի քան 162 հազար դոլար է ստացել հավելյալ աշխատանքի դիմաց: Բոնուսներն ու պարգեւավճարները հաշվի առնելով՝ հավաքարարը 271.243 դոլար է աշխատել:

Transparent California-ն պարզել է, որ Չժանն աշխատանքի է գնացել ամեն օր, այդ թվում՝ հանգստյան օրերին, տոներին եւ արձակուրդի ժամանակ: Նրա աշխատանքային օրվա միջին տեւողությունը 17 ժամ է կազմել:

Տեսահսկման խցիկների ձայնագրությունները ցույց են տվել, որ հավաքարարը կանոնավորապես խորդանոց է մտնում եւ ժամերով այնտեղից դուրս չի գալիս: Սան Ֆրանցիսկոյի Արագընթաց գնացքների համակարգի փոխադրումների տնօրեն Ռոյ Ագիլերան նշել է, որ Չժանը բարեխղճորեն կատարել է այն ամենը, ինչ իրեն հանձնարարվել է: