Խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու` «Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի եւ մի քանի այլ աշխատակիցների գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ, ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:
«Գործի նյութերն արդեն տրամադրվել են մեզ: Որեւէ հիմնավոր ապացույց չկա, որ իմ պաշտպանյալը որեւէ հանցանք է գործել: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Գագիկ Սիմոնյանը մեղավոր չէ եւ այժմ ստացված նյութերով էլ է պարզ դառնում մեզ համար, որ նա չի կատարել մի քայլ, որն ամրագրված է Քրեական օրենսգրքով»,- ասաց փաստաբանը:
Լեւոն Բաղդասարյանի խոսքով` մեղադրական եզրակացությունն արդեն իսկ հաստատվել է եւ գործն առաջիկայում կուղարկվի դատարան:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:
«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել էին: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:
6 ամիս անազատության մեջ մնալուց հետո Գագիկ Սիմոնյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել:




























