Բնակչության հոգեւոր առողջության հոգածությունը միայն բժիշկների գործը չէ: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի նոր խմբագրված օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանը:

Այդ աշխատանքին պետք է ներգրավվեն ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինները, ե՛ւ մյուս գերատեսչությունները, հավելեց նա: «Օրինակ՝ եթե ռեստորանում գիշերը աղմկոտ երաժշտություն է հնչում, ապա մոտակայքի շենքերի բնակիչները չեն կարող հանգստանալ: Ինչ-որ ժամանակ անց նրանց մոտ կարող են հոգեկան շեղումներ առաջանալ»,- հայտարարեց Բաբլոյանը: Հենց այս պատճառով հոգեկան հիվանդությունները պետք է համատեղ ուժերով կանխել, նշեց նա: