Փետրվարի 8-ին եւ 9-ին  ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում: 2016թ.-ի ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել նաեւ վերոնշյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում Կոտայքի մարզի  դատախազ Վիգեն Միլիտոնյանը եւ Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել են 2016թ.-ին նշված մարզերում քրեաիրավական ընդհանուր վիճակի եւ դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առավելագույնս ուշադիր լինել հանցագործությունների կանխմանն ուղղված աշխատանքներում: Յուրաքանչյուր մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված, հանձնարարել է ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝  մարզերի  իրավապահ բոլոր մարմինների հետ համագործակցությամբ դրական արդյունքի հասնելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազը հատկապես կարեւորել է մարզերում հանցանք ծնող պատճառների բացահայտումը՝ ընդգծելով դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների առավել ակտիվ կիրառման անհրաժեշտությունը:

Մարզերում խորհրդակցությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարզերի դատախազներին հանձնարարել է հետեւողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումների ընթացքի լուծման նկատմամբ, գործերի հրատապությամբ պայմանավորված՝  ընդունելություն կազմակերպել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն խնդրահարույց հարցեր եւ դրանք քննարկելու անհրաժեշտություն:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը, յուրաքանչյուր մարզում, ելնելով տվյալ տարածքում հանցավորության վիճակից, տվել է կոնկրետ հանձնարարականներ: