Նախկինում երկու անգամ դատված, Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Նշան Գեւորգյանը դեռեւս աշխատանքի չի վերադարձել:
NEWS.am-ի թղթակցին Արմավիրի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Գեւորգյանն անաշխատունակության թերթիկ է ուղարկել հիվանդանոց:
«Սակայն իր հետ կապվել չենք կարողանում, մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Չգիտենք էլ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Տեղյակ չենք միայն, որ հիմա տանն է բուժումը շարունակում»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Անահիտ Հայրապետյանը:
Հետաքրքրական է, որ Նշան Գեւորգյանը հիվանդացել է հենց նորածնի մահվանից հետո:
Հիշեցնենք, որ Նշան Գեւորգյանը նախկինում դատապարտվել էր հիվանդների մահվան համար:
Պարզվում է, որ տարիներ առաջ, երբ Նշան Գեւորգյանը դեռեւս բժշկական կենտրոնի տնօրենն էր, նրան մեղադրանք էր առաջադրվել 3 հիվանդի մահվան համար: Ըստ մեղադրական եզրակացության` 2010թ. հուլիսի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում, իմանալով նույն օրը ժամը 17:05-ին Արմավիր ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննեսի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսիով, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել է: Բացի դրանից, Գեւորգյանը «Շտապօգնության» ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, ինչի հետեւանքով նույն տարվա դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հերթապահ բրիգադան բենզին չունենալու պատճառաբանությամբ չի այցելել հիվանդին, ինչի հետեւանքով հիվանդը մահացել է: Մեկ այլ մեղադրանքով Նշան Գեւորգյանը չի ապահովել հիվանդանոցը մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ինչի հետեւանքով 2011թ. հունվարի 1-ին հիվանդանոց ընդունված փոքրիկը պատշաճ բուժօգնություն չի ստացել եւ մահացել է:
Երեք հիվանդի մահվան գործը քննվել է մեկ վարույթով: Դատարանը մեղավոր է ճանաչել բժշկին եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ ԱԺ-ի 2013թ. հոկտեմբերի 03-ի որոշման 2-րդ կետի 2) ենթակետի պահանջը` դատարանն ազատել է Նշան Գեւորգյանին պատժի կրումից:
Նշան Գեւորգյանն ավելի ուշ կրկին հայտնվել է դատարանում: Այս անգամ, ըստ մեղադրական եզրակացության, արդեն մանկաբարձա- գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գեւորգյանը 2014թ. փետրվարին կեսարյան հատում կատարելու համար հղի Ալինա Գևորգյանի սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով` հրաժարվել է հղիին բուժօգնություն ցուցաբերելուց: Դատարանը Գեւորգյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 26-ին Արմավիրի բժշկական կենտրոնում 19-ամյա կինը լույս աշխարհ էր բերել առաջնեկին, որը երեք օր անց մահացել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Ըստ Արմավիրի ԲԿ-ի ծննդատան մանկաբույժների` Նշան Գեւորգյանը ծննդաբերության ժամանակ կիրառել է աքցան, ինչի հետեւանքով փոքրիկը ստացել էր արյան զեղում եւ մահացել:
Նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:




























