ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որը վերջնականապես պատրաստ կլինի փետրվարի 14-15-ին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ծրագիրն այս պահին գրեթե պատրաստ է։

Նրա խոսքով, ՀՀԿ ծրագրի հիմքը լինելու է Հայաստանի անվտանգության զարգացումն ու ամրապնդումը, տնտեսության առաջընթացի ամրապնդումն ու առաջընթացը, ժողովրդավարության զարգացումը, արդարադատության համակարգից դժգոհությունները վերացնելը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը պետք է լինի շարունակական Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ում, շարունակի երկխոսությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, հարեւան երկրների հետ:

Նրա խոսքով, ԳՄ նիստում քննարկել են նաեւ ՀՀԿ 13 տարածքային ցուցակները, համապետական ցուցակին կանդրադառնանք երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի. «Այդ 13 տարածքային ցուցակներում ներառված են եւ ԱԺ պատգամավորներ, եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ մտավորականներ, բժիշկներ, գործարարներ, մտավորականներ, երիտասարդներ, կանայք»:

Հարցին, թե այդ ցուցակներում կա՞ն օլիգարխներ, որոնցից ժողովուրդը դժգոհ է, Շարմազանովն արձագանքեց. «Նախ ես չգիտեմ՝ ժողովուրդն ումից է գոհ, ումից է դժգոհ, դրա համար էլ կան տարածքային ու համապետական ցուցակներ, որպեսզի այդ 13 ցուցակներում տեսնեք, թե ժողովուրդն ում է վստահում, ում չի վստահում, յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքում: Ես կոչ կանեի ձեռնպահ մնալ գնահատականներից»:

Շարմազանովը հրապարակեց որոշ ընտրական տարածքներում առաջադրվելիք իրենց թեկնածուների անունները

Թիվ 1 ընտրական տարածքում, որտեղ ընդգրկված են Նոր Նորքը, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ՝ 12 թեկնածու:

Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում ներառված են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գեւորգյանը եւ այլք:

Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում առաջադրվելու են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք:

Երեւանի կենտրոնում առաջադրվելու են Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը եւ այլք: