ՀՀԿ-ի համագործակցությունը ԵԿՄ-ի եւ անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ երկարաժամկետ է եւ արդյունավետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀԿ տարածքային ցուցակներում բացակայում են գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Մհեր Սեդրակյանի անունները, Շարմազանովը պատասխանեց.

«Դուք տեսաք, որ ԵԿՄ-ից բազմաթիվ թեկնածուներ կան ՀՀԿ տարածքային ցուցակներում, այդ թվում եւ Լոռիում, եւ Երեւանում, եւ տարբեր մարզերում: Այդ իմաստով Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ: Մենք միասին երկար տարիներ երկրապահների հետ համագործակցում ենք: Ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը ԵԿՄ-ի եւ անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ երկարաժամկետ է եւ արդյունավետ: Իսկ հարգարժան Մհեր Սեդրակյանի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել»:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ցանկացել է ՀՀԿ ցուցակում ընդգրկել իր որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, սակայն իշխանությունների կողմից մերժում է ստացել, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նրա որդին կառաջադրվի ԲՀԿ-ի ցուցակով: