Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 17.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ Արտյոմ Ա.-ն Տաշիրի զորակոչային տեղամասին հարակից տարածքում հասարակական կարգը եւ ձմեռային հերթական զորակոչի անվտանգությունն ապահովելու ընթացքում քաղաքացի Կարեն Ա.-ից պահանջել է իր «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան չկայանել հիշյալ զորակոչային տեղամասին հարակից արգելափակված տարածքում: Վերջինս, սակայն, չի կատարել ոստիկանի օրինական պահանջը, ինչի համար հրավիրվել է Տաշիրի բաժին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով:
Տեղեկանալով այդ մասին` Կարեն Ա.-ի բարեկամ Մհեր Ա.-ն հարձակվել է Արտյոմ Ա.-ի վրա, հարվածել նրա գլխին, պատռել հագուստը եւ դիմել փախուստի: Նշված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մհեր. Ա.-ն կալանավորվել է:
Քրեական գործի նախաքնության ընթացքում Մհեր Ա.-ն ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպը բացատրել է նրանով, որ Արտյոմ Ա.-ն մինչ այդ վիճաբանել է իր մոր հետ եւ հարվածել նրան: Դրանից հետո է Մհեր Ա.-ն հարվածել ոստիկանության աշխատակցին: Իր եւ ոստիկանի միջեւ տեղի ունեցածի մասին Մհեր Ա.-ի մայրը, իր հերթին, հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:


























