Չինաստանի Սյամեն քաղաքի միջին ատյանի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով 15 տարվա ազատազրիկման է դատապարտել Հեբեյ գավառի կուսկոմի նախկին ղեկավար Չժոու Բենշունին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2016-ի հոկտեմբերին Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը նախկին պաշտոնյայի դեմ քննություն էր սկսել՝ նրան մեղադրելով ծառայողական դիրքի չարաշահման, 40 մլն յուան (մոտ 5,8 մլն դոլար) կաշառք վերցնելու մեջ: Նրան Կոմունիստական կուսակցության շարքերից հեռացրել էին 2015-ի հոկտեմբերին:
Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում եւ պետության օգտին առգրավել 2 մլն յուան (մոտ 292 հազար դոլար) արժեքով անձնական ունեցվածքը, ինչպես նաեւ ապօրինի ճանապարհով կուտակած ամբողջ կարողությունը:
Դատավճռից հետեւում է, որ Չժոու Բենշունը զղջացել է կատարածի համար եւ որոշել դատավճիռը չբողոքարկել:



























