Կուալա-Լամպուրի օդանավակայանում տեսախցիկները արձանագրել են կնոջը, ով, հնարավոր է,  կարող է մեղավոր լինել Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվան մեջ, հաղորդում է The Star պարբերականը։

«Պատկերը մեծացնելիս պարզորեն երեւում է ասիական արտաքինով միջին տարիքի մի կին։ Նրա հագին եղել է սպիտակ կարճ վերարկու, կարճ կապույտ կիսաշրջազգեստ, իսկ ուսին՝ փոքրիկ կանացի պայուսակ», - նշում է պարբերականը։

Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ օդանավակայանում միջադեպի մանրազնին հետաքննություն են իրականացնում։ Լրատվամիջոցները նաեւ պնդել են, թե Կիմ Չեն Նամին երկու կանայք են թունավորել՝ ենթադրաբար Հյուսիսային Կորեայից։ Փհենյանի եւ Կուալա-Լամպուրի միջեւ վիզայի ռեժիմը հանված է:

Կիմ Չեն Նամը Հյուսիսային կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չին Իրի ավագ որդին է՝ ծնված հյուսիսկորեացի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտաամուսնական կապից։ Երկուշաբթի օր նա սպանվել է Կուալա-Լամպուրի օդանավակայանում՝ ենթադրաբար թույնի միջոցով։ Վերջինս պատրաստվում էր Մակաո մեկնել՝ ընտանիքի հետ հանդիպելու համար։